ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը արդեն երկու օր է` ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, քանի որ ՀՀ-ն այս համաձայնագիրը վավերացնելով՝ չի կարող իրականացնել ինքնուրույն ֆինանսա-տնտեսական քաղաքականություն: «Ասում եք, որ առաջին մի քանի տարում գնաճ չի լինելու, ասում եք՝ չի թանկանում, լավ չէ՞: Կայուն վատը շատ վատ բան է: Չի թանկանում, որովհետև պայմանագրում նշված է, որ հինգ տարի, չորս տարի, երկու տարի ինչ-որ բաներ չեն թանկանալու, բայց չմիանալու դեպքում ընդհանրապես չէր թանկանա»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ ռուսական ռուբլին վերջին չորս ամսում 62 տոկոսով արժեզրկվեց, դրանից հետո ռուսական շուկայում ի՞նչ եկամուտներ են ունենալու Հայաստանի գործարարները: «Հայաստանում շատ տնտեսավարողներ, այդ թվում՝ գինի և կոնյակ արտահանողները, վաղուց հրաժարվել են դեպի ՌԴ արտահանումներ անելուց: Նույնիսկ Նոր տարվա շեմին դա վտանգավոր է գումարների ոչ վերադարձելիության տեսանկյունից»,-փաստեց Քոքոբելյանը և անցավ անվտանգության հետ կապված տեսակետների հերքմանը: «Մատնանշվում է, որ, այո, Ռուսաստանը մեզ գործարանային գնով զենք է տալիս: Մի հատ տեսեք` ինչն եք ինչի հետ համեմատում: Հինգ միլիարդի զենքի վաճառքը Ադրբեջանին, այն էլ հարձակողական սպառազինության, ինչի՞ հետ եք համեմատում: Պատկերացրեք` դիմացինին տանկ ենք տալիս, մյուսին էլ երկու հատ «Կալաշնիկով» ենք նվիրում, դա անվտանգության խնդի՞ր է լուծում: Հարց է ուղղվում՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք ի՞նչ տեսանք ՀԱՊԿ-ի կողմից, ի՞նչ գործողություններ ձեռնարկվեցին ուղղաթիռի դեպքի հետ կապված, դրան նախորդած օգոստոսյան գրեթե պատերազմական օրերին»,- արձանագրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ